Մոսկվայի մոտակայքում գործող շուկայի տարածքում հուլիսի 11-ի առավոտյան Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացրել է ՕՄՕՆ-ը (hատուկ նշանակության ոստիկանական ջոկատ):
Լրատվամիջոցները հավելել են, որ ձերբակալվածներին ոստիկանություն են տարել ավտոբուսներով:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված»։ Այնուհետև Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։