Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև բանակցությունների վերջին փուլն ավարտվել է առանց առաջընթացի, BBC-ին հայտնել է բանակցություններին ծանոթ պաղեստինյան պաշտոնյա։
Նրա խոսքով՝ նիստը տևել է շուրջ 3,5 ժամ և անցկացվել է Դոհայի երկու առանձին շենքում։ Կողմերը Կատարի և Եգիպտոսի միջնորդների օգնությամբ ուղերձներ և պարզաբանումներ են փոխանցել, սակայն որևէ էական առաջընթաց չի գրանցվել։
Պաշտոնյան հավելել է, որ բանակցությունները նախատեսվում է վերսկսել երկուշաբթի, միջնորդները մտադիր են առանձին հանդիպումներ անցկացնել յուրաքանչյուր պատվիրակության հետ՝ փորձելով հաղթահարել խոչընդոտները և նվազեցնել կողմերի դիրքորոշումների միջև առկա տարբերությունները։
Բանակցությունների այս փուլն ընթանում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցին ընդառաջ: Նեթանյահուն նշել է՝ ակնկալում է, որ այս հանդիպումը կնպաստի նոր համաձայնության ձևավորմանը՝ պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի հաստատման ուղղությամբ։
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: