Մեկ ամսվա ընթացքում՝ հունիսի 1-ից հուլիսի 1-ը, Հայաստանից դուրս է եկել ծիրանի 1354 բեռնատար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հավելել է, որ բեռնատարներից 302-ը ճանապարհին են, 36-ը վերադարձել են կեղծ փաստաթղթերի պատճառով։
Պապոյանն անդրադարձել է նաև կոնյակի արտահանմանը՝ նշելով, որ հունիսին ՀՀ-ից դուրս եկած բեռնատարներից 122-ը մուտք է գործել ՌԴ։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում:
Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։ Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Հունիսի 23-ին Պապոյանը հայտնել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։