Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Իսրայելի միջև լարվածության և Ուկրաինայում պատերազմին առնչվող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սա երկու առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցն էր 2022թ. սեպտեմբերից ի վեր։
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հարգել Իրանի իրավունքը՝ խաղաղ միջուկային էներգետիկան զարգացնել հարցում, ինչպես նաև ընդգծել է Թեհրանի հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Մակրոնն ասել է, որ Իրանի միջուկային սպառնալիքը համարում է այնքան լուրջ, որ դրա լուծման մեջ պետք է ներգրավվեն ՄԱԿ անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները: Մակրոնը շեշտել է Իրանի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ լիարժեք համագործակցության կարևորությունը։
Ուկրաինայի վերաբերյալ Պուտինը կրկին շեշտել է, որ պատերազմն Արևմուտքի քաղաքականության ուղիղ հետևանքն է: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է լինի համապարփակ և երկարաժամկետ՝ հիմնված նոր տարածքային իրականությունների վրա։ Մակրոնն, ըստ հաղորդագրության, պնդել է, որ միայն Ուկրաինան կարող է որոշել՝ տարածքային զիջումների գնա՞լ, թե՞ ոչ։
Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսին և հունիսին բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Մայիսի 16-ին կողմերն Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ինչպես նաև ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: