ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ չեզոքացրել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինի (Տեխաս նահանգից) փորձը՝ նախաձեռնելու նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը՝ կապված Իրանին ամերիկյան զինված ուժերի հարվածների հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Չնայած գրոհի հետ կապված բազմաթիվ օրենսդիրների դժգոհությանը, կոնգրեսականներից 344-ը (բոլոր հանրապետականներն ու 128 դեմոկրատները) դեմ են քվեարկել իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությանը, միայն 79 դեմոկրատներ են աջակցել այդ որոշմանը:
Գրինը ամիսներ շարունակ փորձում էր քվեարկություն նախաձեռնել Թրամփի իմփիչմենթի հարցով՝ քննադատելով նրա արտաքին և ներքին քաղաքական գործողությունը։ Հունիսի 24-ին դեմոկրատը բանաձև է ներկայացրել՝ պահանջելով պետության ղեկավարի իմփիչմենթը՝ հայտարարելով, որ նա Կոնգրեսից թույլտվություն չի խնդրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Դեռևս Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում օրենսդիրը բազմիցս ներկայացրել է պետության ղեկավարի իմփիչմենթի հոդվածները։
Ապրիլին դեմոկրատ կոնգրեսական Շրի Թանեդարը (Միչիգան նահանգից) Թրամփի իմպիչմենթի պահանջով բանաձև էր ներկայացրել՝ ԱՄՆ նախագահի դեմ յոթ մեղադրանք առաջադրելով։
Հանրապետական կուսակցությունը, որն աջակցում է Թրամփին, ներկայումս մեծամասնություն ունի ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Կոնգրեսի Սենատում, ինչը գրեթե անհնար է դարձնում պետության ղեկավարի իմփիչմենթի գործընթացը։