ԱՄՆ Պետդեպարտամենտը «Համաշխարհային նախազգուշացման» անվտանգության ահազանգ է արել իր քաղաքացիներին՝ նման կերպ նրանց կոչ անելով զգոնություն ցուցաբերել ամբողջ աշխարհում, ասվում է Պետդեպարտամենտի հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։
«Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությունը հանգեցրել է ճանապարհորդությունների խափանման և Մերձավոր Արևելքի օդային տարածքների պարբերական փակման։ Կա արտասահմանում բողոքի ցույցերի վտանգ, որոնք կուղղվեն ԱՄՆ քաղաքացիներին և շահերին։ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոնություն ցուցաբերել աշխարհի բոլոր շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։