ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է «մաքրել ուժային համակարգը, բացահայտել դավաճաններին և անհարազատ տարրերին», գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի՝ այս հրահանգի համատեքստում չեն բացառվում առաջիկայում այլ ձերբակալություններ։ Լրատվականի տեղեկությամբ՝ ծառայությունը վերահսկողության տակ է վերցրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի մտերիմ գործարարներին և հետևում է, թե ո՞վ քաղաքական հայտ կներկայացնի։
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ՝ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանը:
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները: Նշենք, որ Փաշինյանն իր վարչապետության տարիներին արդեն հինգերորդ ԱԱԾ տնօրենին է ազատում պաշտոնից: Մամուլի տեղեկությամբ՝ Սիմոնյանը շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում։