Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի հաղորդմամբ՝ նա ԱԱԾ-ում աշխատել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «լինելով նրա աչքն ու ականջը»։
«Շատ հաճախ Փաշինյանն Արմեն Աբազյանի (ԱԱԾ նախկին տնօրեն- AT) բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել` երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաև դատական իշխանության կուրատորի դերն է կատարում»,- տեղեկացրել է լրատվականը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մինչ ԱԱԾ գնալը Սիմոնյանը դատավոր էր, նա ցուցմունք էր տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել էին պաշտոնից:
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ՝ Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանը:
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները: Նշենք, որ Փաշինյանն իր վարչապետության տարիներին արդեն հինգերորդ ԱԱԾ տնօրենին է ազատում պաշտոնից: