Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ չի հայտարարել։ Նա այդպես է մեկնաբանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր գրառումները, որոնցով պնդում է, թե Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի և չի կարող կաթողիկոս լինել։
«Ես Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր Աթոռին չէի կարող պատերազմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են մարդիկ, ովքեր խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները։ Որպես եկեղեցու հավատավոր հետևորդի հավատարիմ ներկայացուցիչ՝ իմ խնդիրը եկեղեցին հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին վերադարձնելն է»,- նշել է Փաշինյանը։
Նա եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ իշխանության ուղղված մեղադրանքները «լկտի հարձակում» է որակել։
«Լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան, ինչում, հուսով եմ, արդեն համոզվել եք»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանը շարունակել է պնդել, որ կաթողիկոսի՝ կուսակրոն չլինելու վերաբերյալ ապացույցներ ունի։
«Չե՞ք նկատել, որ իրենք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները։ Առաջարկել էի՝ եթե որևէ կերպ վիճարկում են, կարող են դատի տալ, և այդ ապացույցները կներկայացվեն։ Իմ դիրքորոշումներն ամբողջապես հիմնված են Հայ առաքելական եկեղեցու կաննոների վրա»,- շեշտել է Փաշինյանը, որը Մայր Աթոռի կանոնագիրքն իր հետ ԱԺ էր բերել։
Փաշինյանը բացառել է, որ Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու իր մտադրությունն իրագործելիս՝ բախումներ կլինեն։
«Բախումների մասին խոսակցությունները կատարյալ անհեթեթությում եմ համարում։ 2018-ին հեղափոխություն ենք արել և այդ ժամանակ էլ բախումներ տեղի չեն ունեցել։ Մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում։ Այդ հոգևոր խնդրի իրականացումը կարող է հիմնված լինել միայն քրիստոնեավայել գործողությունների վրա։ Առաքելական եկեղեցու հավատավոր հոտն ինքը կմերժի»,- ընդգծել է վարչապետը։
Մայիսի 29-ին վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություն հանդես էր եկել հակաեկեղեցական արշավի դեմ։
Հունիսի 17-ին Փաշինյանը վերսկսել էր եկեղեցուն ուղղված իր հայտարարություններն այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը քննադատել էր իշխանությունների գործողությունները։
Կարդացեք նաև՝
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան