ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ազատումը։ Նա այսպես արձագանքեց լրագրողների տված հարցին, թե արդյոք Աբազյաի ազատումը կապ ունի՞ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տանը երեկ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած խուզարկության և եկեղեցու շուրջ իր հայտարարությունների հետ։
Փաշինյանը պարզաբանել է, որ Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից։
«Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Եվ ես կարծում եմ՝ նա արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ հեշտ չի»,- ասաց նա։
Հարցին, թե հերքո՞ւմ է, որ ազատումը կապ ունի նշված դեպքերի հետ, Փաշինյանը պարզաբանել է, որ ԱԱԾ տնօրենի ծառայությունը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ամենին, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային։
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ՝ Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակավորապես կատարելու է ծառայության տնօրենի պարտականությունները:
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները: Նշենք, որ Փաշինյանն իր վարչապետության տարիներին արդեն հինգերորդ ԱԱԾ տնօրենին է ազատում պաշտոնից:



































