Իրանի ներքին և միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 18-ը՝ Երևանի ժամանակով ժամը 02:30-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։
«Խնդրում ենք զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակին հետևել միայն պաշտոնական աղբյուրներից»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, բարձրաստիճան զինվորականներին: Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հարվածները շարունակվում են նաև այսօր: