«Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի արբանյակային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը ֆինանսավորում է մեդիա կորպորացիան, չի երկարաձգել պայմանագիրը հեռարձակումն իրականացնող արբանյակային ծառայության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությանը։
«Պայմանագրի խզման հետևանքով Eutelsat Hotbird 13G արբանյակով 24-ժամյա հեռարձակումը դադարեցվել է»,- պարզաբանել են «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները։
Միաժամանակ, Վաշինգտոնի Դաշնային շրջանային դատարանում շարունակվում են «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման գործով լսումները։ Լրատվամիջոցների կորպորացիան պահանջում է, որ USAGM-ը վճարի մոտ 62 միլիոն դոլար, որը նախկինում իրեն հատկացվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
Մինչդեռ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի 214-212 ձայների առավելությամբ հաստատել էր Սպիտակ տան նախաձեռնությունը՝ կրճատելու նախկինում հատկացված միջոցները, այդ թվում՝ ԱՄՆ պետական լրատվամիջոցների և միջազգային օգնության ֆինանսավորումը։ Բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկել, իսկ հանրապետականների մեծ մասը՝ կողմ։ Օրինագիծն այժմ ուղարկվում է Սենատ։