ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա Ուկրաինայի իրականացրած հարձակմանը, գրել է ԱՄՆ նախագահը The Truth Social-ում։
Ըստ Թրամփի՝ «լավ խոսակցություն էր, բայց չի այն հանգեցնի անհապաղ խաղաղության»:
«Քննարկել ենք Ուկրաինայի հարձակումը ռուսական ինքնաթիռների վրա, ինչպես նաև տարբեր այլ հարձակումներ, որոնք իրականացվել են երկուստեք»,- նշել է նա։
Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցը։
«Իրանի կողմից միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակն սպառվում է, և այն պետք է արագ ընդունվի: Ես նախագահ Պուտինին հայտարարել եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և դրանում, կարծում եմ, մենք համաձայնության ենք եկել»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Հունիսի 1-ին Ուկրաինան FPV-դրոնների կիրառմամբ հարձակվել էր Ռուսաստանի հինգ մարզի ռազմական օդանավակայանների վրա։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել էր ավելի քան մեկ ժամ։ Կողմերը փոխանակվել էին կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պայմանավորվել գերիների փոխանակման հարցում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր որպես հաջորդ քայլ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպում կազմակերպել Անկարայում և Ստամբուլում:






































