Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին փաստաբանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,- մանրամասնել է փաստաբանը։
Սարգսյանը հունիսի 1-ին այցելել էր Մարմաշենի վանական համալիր, այնտեղ միջադեպ էր գրանցվել նրա մասնակցությամբ: Նա տեղի քահանա Տեր Փառենից բացատրություն էր պահանջել իր հայտարարության համար, թե թույլ չի տալու եկեղեցի մտնել «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին»:
«Որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի թույլ չեմ տալու որևէ նմանատիպ արտահայտություններ անող անձի մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով»,- գրել էր Տեր Փառենը սոցիալական ցանցում։
Քահանայի այս հայտարարությանն անդրադարձել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ նա «գլուխը պատովն է տվել և շատ փոքր մարդ է, որ ՀՀ որևէ քաղաքացու արգելի մտնել վանական համալիր»: