Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Բարոն ընդգծել է նաև Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում:
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը կարևորել է, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ:
Բարոն Հայաստան էր ժամանել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Փարիզը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։