Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադրություն չունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, միաժամանակ պնդել է՝ երկրին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալիս՝ լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին մասնակցել ընտրություններին։ Մեզ հետաքրքրում է միայն, թե ինչպես կարող ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան այլևս չի կարող առաջ գնալ մի Սահմանադրությամբ, որը գրվել և առաջադրվել է հեղաշրջողներից»,- ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդն ավելացրել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն աշխատում է նոր Սահմանադրության նախագծի վրա։
Վերադառնալով ընդդիմության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ «ո՛չ արտահերթ, ո՛չ էլ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների կարիք չկա»։
Էրդողանը Թուրքիայի ղեկավար է դարձել 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Նա հանդիսանում է Թուրքիայի 12-րդ նախագահը և առաջինը, ով ընտրվել է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ։ Մինչ այդ՝ 2003-ից մինչև 2014 թվականը, Էրդողանն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
2023 թվականի մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը վերընտրվել է և հունիսի 3-ին պաշտոնապես ստանձնել իր երրորդ նախագահական ժամկետը։
Ըստ ներկայիս Սահմանադրության՝ սա նրա երկրորդ և վերջին ժամկետն է։