ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում գտնվող «Կապիտալ Ջուիշ» հրեական թանգարանի մուտքի մոտ Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել հրազենից, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում են Նահանգների իրավապահ մարմինները:
Զոհված տղամարդն ու կինը զույգ էին, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ նրանք դուրս էին գալիս միջոցառումից, որը նվիրված էր Գազայի բնակիչներին աջակցելուն։ Միջոցառումն անցկացվել է Վաշինգտոնի հրեական թանգարանում, դեպքի վայրից հաղորդել է BBC-ի թղթակիցը։
Կասկածյալը ձերբակալվել է և նույնականացվել ոստիկանության կողմից, նա 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է։ Իրավապահները տեղեկացրել են, որ ձերբակալությունից հետո կասկածյալը բղավել է՝ «ազատություն Պաղեստինին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը «շատ տխուր» է անվանել՝ ասելով, որ դա «հստակորեն հակասեմականության հիմքով է իրականացվել»։