Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանին, Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը, ըստ Mehr-ի, ասել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն:
Գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, հավելել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Նա շեշտել է՝ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանությունն Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից են:
Մայիսի 20-ին Պապիկյանն ու Նասիրզադեն քննարկել էին տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Երևանը հունվարին վերահաստատել էր՝ բարձր է գնահատում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Եվրասիական տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն «առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»: