Եվրամիությունը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին իր բյուջեից 5,5 մլն եվրո է հատկացրել, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «նպատակ ունի, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի աշխատել ԵՄ հարևանության երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:
«Դա կարճաժամկետ ֆինանսավորում է։ Այժմ ԵՄ երկրները պետք է համաձայնության գան միմյանց միջև երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ»,- հավելել է Կալլասը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին հրամանագիր էր ստորագրել ամերիկյան Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների կառավարական գործակալության (USAGM) և մի շարք այլ կառավարական կառույցների գործունեության մասշտաբների զգալի կրճատման մասին: USAGM-ը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը» հրատարակությունները։
Փետրվարին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ էր արել փակել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը»: