Ամստերդամի Սուրբ Նիկոլայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Գրիգոր Նարեկացու հուշատախտակ բարձրաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը, հայտնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։
Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։
Միջոցառման մասնակիցները շեշտել են հուշարձանի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։
Սուրբ Նիկոլայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշերին, այլև թույլ կտա մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։