Կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանելու նախագծին։ Գործող օրենսդրությամբ 35 տարին լրացած անձինք չեն կարող անցնել ծառայության, իսկ օրինագծի ընդունման դեպքում նրանք նույնպես կարող են աշխատել համակարգում։
Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է, քանի որ առաջնային նշանակություն ունեն որակական չափանիշները։
«Եթե անձն իր մասնագիտական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ ու առողջական վիճակով համապատասխանում է սահմանված չափանիշներին, ապա տարիքը նման պարագայում չպիտի հանդիսանա որոշիչ չափանիշը, որը կխոչընդոտի ոստիկանությունում ծառայության անցնելուն։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաև 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները»,- ասված է նախագծում։
«Ես ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել, որ մենք եկել, հասել ենք այս կետին, որ ասում ենք, որ ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չէ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է անձի ֆունկցիոնալության օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալու կարևորությունը և այս համատեքստում առաջարկել նույն տրամաբանությունը կիրառել ՀՀ ԶՈւ-ում։