ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը հնարավոր չէ գնել և այդ կերպ դարձնել ամերիկյան նահանգ, հայտնում է Reuters-ը։
«Ինչպես գիտեք, անշարժ գույքի բիզնեսում կան օբյեկտներ, որոնք երբեք չեն վաճառվում։ Վերջին ամիսներին նախընտրական քարոզարշավի ընթացքում ես հանդիպել եմ Կանադայի «սեփականատերերի» հետ և կարող եմ ասել, որ այն չի վաճառվում և երբեք չի վաճառվի»,- ասել է Քարնին Սպիտակ տանը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ «երբեք չի կարելի ասել երբեք»: Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում Կանադայի՝ ԱՄՆ-ին միանալու իր գաղափարը կարող է իրականություն դառնալ:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս արտահայտել էր այն միտքը, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը: Ի պատասխան ՝ Քարնին հայտարարել էր, որ «Կանադան երբեք, ոչ մի դեպքում չի դառնա Ամերիկայի մաս»։