Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են բնական ռեսուրսների մասին համաձայնագիրը, հայտնում է CNN-ը:
Համաձայնագրով ստեղծվում է ԱՄՆ-Ուկրաինա Վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը, ինչպես նշել է Նահանգների ֆինանսների նախարարությունը, թույլ կտա երկու երկրներին համագործակցել և համատեղ ներդրումներ կատարել, որը թույլ կտա ապահովել ընդհանուր ռեսուրսներն ու կարողությունները՝ արագացնելով Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։
Համաձայնագիրն ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը և Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար, առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոն։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այն «կարող է հաջողություն բերել երկու երկրներին» և «կհրավիրի գլոբալ ներդրումներ իրենց պետությունում»։
Սվիրիդենկոն տեղեկացրել է, որ ներդրումային հիմնադրամը կլցվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով։ Նրա խոսքով՝ բացի ֆինանսական ասպեկտները, Կիևը համաձայնագիրը կարևոր է համարում նաև ապագայում ԱՄՆ-ի ռազմական օգնությանը հասանելիություն ստանալու տեսանկյունից։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական բնական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: