Արցախի ՏԿԵ նախկին նախարար, ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանի անունն արցախցիների քաղաքացիական շրջանակում շրջանառվում է որպես նոր նախագահի թեկնածու, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Խանումյանն ընդունելի է նաև «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի համար: Թերթի տեղեկություններով՝ նախագահ Սամվել Շահրամանյանը դեռևս երկմտում է առաջադրման շուրջ։
Մայիսի 21-ին լրանում է Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։
Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։