Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կհարցաքննվի Փարիզի դատարանում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին իր նկատմամբ զինված հարձակման և կողոպուտի գործով, հայտնում է AP-ն։
Մայիսի 23-ին նախատեսված դատավարության շրջանակում դատարանի առաջ կկանգնի 10 մեղադրյալ։ Հետաքննության տվյալներով՝ կողոպուտին մասնակցել են մեղադրյալներից 5-ը։
Քարդաշյանի փաստաբանական թիմը հայտնել է, որ հեռուստաաստղը դատարան կգա անձամբ և ցուցմունք կտա։
«Տիկին Քարդաշյանը մեծ հարգանք և հիացմունք է տածում ֆրանսիական արդարադատության համակարգի նկատմամբ, և ֆրանսիական իշխանությունները նրան մեծ հարգանքով են վերաբերվել։ Նա ցանկանում է, որ դատավարությունն անցկացվի կարգուկանոնով՝ ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան և գործի բոլոր կողմերի նկատմամբ հարգանքով»,- հայտարարել են նրա իրավաբանները:
Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի կենտրոնում՝ նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ մի խումբ զինված հանցագործներ ներխուժել էին Քարդաշյանի հյուրասենյակ, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։