Ռուսաստանի կառավարող օղակներում հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվանալու համար թեկնածուներ են քննարկում, գրել է «Հրապարակ» օրթաթերթը։
Ըստ թերթի՝ նրանցից մեկը հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր Արթուր Ջանիբեկյանն է։
Լրատվականի տեղեկությամբ՝ որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, ծնունդով վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Թերթը գրել է, որ նա 15 տարեկանում ընդունվել է MГИMO (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ), քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, նույն բուհի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան: Բացի այդ, 2020 թվականին նա նշանակվել է ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեի Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին, պատմել է թերթը։
Ըստ լրատվականի՝ թեև Սարդարյանը տևական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց ազգայնական հայ է համարվում․ միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։
Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենի Հայաստանում, նշել է օրաթերթը։