Պետությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական գործընթացին մասնակցություն ի սկզբանե չունի, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նախարարության քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, ինչը օգնում է, որ Հայաստանը դառնա գրավիչ հարթակ այդ առումով և զբոսաշրջային ուղղություն, և մշակութային զարգացման ռազմավարության մեջ առանձին ամրագրված է, որ պետությունը պետք է վարի աջակցող քաղաքականություն այս ուղղությամբ։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ պետությունը դեռևս չի ստացել Սնուփ Դոգի չեղարկված համերգի գումարը։
«Ո՛չ, այս պահի դրությամբ գումարների վերադարձ տեղի չի ունեցել։ Գրությամբ դիել ենք։ Հետագա գործընթացը կլինի տեսանելի և թափանցիկ բոլորի համար»,- հավելել է նա։
Ապրիլի 8-ին հայտել էինք, որ «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ օգոստոսին համերգ կտա Հայաստանում։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով հարձակվելուց հետո պայմանավորված:
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել: