Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին: Մահվան պատճառը սրտի կանգն է եղել, հայտնել է Կիրկորովի ներկայացուցիչը։
Բուլղարահայ երգիչ, Բուլղարիայի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կիրկորովը ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին Վառնայում, կոշկակարի ընտանիքում: Ծնողները երգում էին քաղաքային երգչախմբում և փոքրիկ Բեդրոսին տանում էին իրենց հետ։
Մանկության տարիներին Բեդրոսը ցանկանում էր ընդգրկվել պարային կոլեկտիվի մեջ, սակայն այնտեղ ազատ տեղեր չկային։ Այդպիսով, Բեդրոսը մտավ երգչախումբ։ Այնտեղ իր տարբերվող ձայնի պատճառով նրան անվանում էին «շեփոր»:
Բանակում Բեդրոսը երգում էր զինվորական անսամբլում։
Բուլղարիայում Կիրկորովին լսել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրել Մոսկվա՝ երաժշտական կրթություն ստանալու։
Նա իր երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի հետ Նովգորոդի մարզում ֆերմա էր ղեկավարում։ Հաճախ հյուրախաղերի ժամանակ ուղեկցում էր որդուն։ Ինքը ևս մեկնում էր հյուրախաղերի, պարբերաբար ելույթ էր ունենում Նովգորոդի բնակիչների համար, ծավալում հասարակական գործունեություն, զբաղվում բարեգործությամբ։