ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից, ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
«Ավիահարվածներից հետևանքով զգալի թվով խաղաղ բնակիչներ են զոհվել»,- ասված Է փաստաթղթում:
Գուտերեշը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, վերականգնել անխոչընդոտ մարդասիրական օգնությունը և անվերապահորեն ազատել մնացած պատանդներին:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Իսրայելի Պաշտպանության բանակը վերսկսել էր հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 326-ի:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը:
Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։