Հայազգի երգիծաբան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը հերքել է մարտին կայանալիք իր համերգների չեղարկման մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 16-ին Mash Telegram ալիքը հայտնել էր, որ Պետրոսյանը չեղարկել է մարտ ամսին նախատեսված իր բոլոր ելույթները, ինչպես նաև ենթադրել էր, որ արտիստն այս որոշումը կայացրել է առողջական վիճակի պատճառով։
«Պետք է մի բան պարզաբանեմ: Լսեցի լուրեր, որ մարտին չեղարկել եմ իմ բոլոր համերգները, վատ եմ զգում, թոշակի անցնելու ժամանակն է։ Չսպասեք, այդպիսի բան չի լինելու»,- ասել է Պետրոսյանը։
Արտիստը տեսահոլովակ է հրապարակել դեկորացիայի ֆոնին և նշել, որ այժմ փորձի է, իսկ մարտի 18-ին նախատեսված է վեց ժամանոց մեծ նկարահանում։
Մարտի 8-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետրոսյանը հոսպիտալացվել է ստամոքս-աղիքային արյունահոսությամբ։ Ավելի ուշ արտիստի կինը՝ Տատյանա Բրուխունովան, կեղծ էր անվանել այն տեղեկությունները, թե ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։ Մարտի 10-ին Պետրոսյանը դուրս էր գրվել հիվանդանոցից։