Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին քաղաքապետարանի հանրային ծառայությունների վարչության պետին բերման ենթարկելուց հետո ծրագրում է «հակահարձակում» սկսել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով քաղաքապետարանի իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում կարծում են, որ իրենց գործընկերներին բերման ենթարկելն անհիմն է, իսկ Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական երանգի համատեքստում։
Քաղաքապետարանի աշխատակցի երեկվա ձերբակալությունը, ըստ հրապարակման, վերջին կաթիլն էր, և Ավինյանն իր ենթականերին հանձնարարել է կազմել քաղաքապետարանի՝ իրավապահներից ստացված բոլոր հարցումների ցուցակը։
«Խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում»,- նշել է թերթը։
Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։
Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել է 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։