Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է վերջին օրերին ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքում տրանսպորտային խնդիրների առաջացման պատճառները:
«Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով և ԱՊՊԱ-ներով։ ԱՊՊԱ համակարգն աղետ է Երևանի համար։ Ամեն թեթև՝ «իրար քսված» մեքենաների համար ժամերով երթևեկությունը կանգնեցնում են։ Այս հանգամանքը նաև մեր տեխնիկայի համար է խնդիրներ ստեղծել, որը պետք է աղ ու ավազ լցներ»,- ասել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, մեկնաբանելով փետրվարի ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը, հայտարարել է, որ անարդար է ասել, որ Երևանում համակարգը պատրաստ չէր առատ ձյանը։ Ըստ նրա՝ ամբողջ տեխնիկան, ավազն ու աղը նախապես պատրաստվել էին ու պահեստավորվել։
Նա, հղում անելով պարեկային ծառայությանը, հավելել է, որ «ձյան ժամանակ վթարների գրեթե կեսն անվադողների պատճառով էր»։
«Ամենօրյա կապի մեջ էինք պարեկային ծառայության ղեկավարի հետ (Արթուր Խուդինյան-խմբ․)։ Իրենք նաև արձանագրել են, որ ամբողջովին մաշված էին ձմեռային անվադողերը, որոնք այդ պայմաններում երթևեկության ամենամեծ խոչընդոտն էին։ Սա լրջագույն խնդիր է, և այս առումով պետք է վարչարարության խիստ հսկուղություն լինի»,- նշել է Արեյանը։
Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը, որոնք վերսկսել էին փետրվարի 24-ին։