ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, որտեղ վերջինս իրեն հորդորել էր ներողություն խնդրել արցախցիներից։
Սիմոնյանը երեք լրատվամիջոցի լրագրողների ասել է, որ ինքն է հորդորում Շահրամանյանին պատմել, թե ինչպես է «ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ այն դեպքում, երբ մնացած գործընկերները չեն կարողացել»։
Սիմոնյանի խոսքով՝ այլ հարցերի դեպքում Շահրամանյանը կարող է դիմել ԱԺ նամակների բաժին։
«Եթե նա ինձ բան ունի ասելու, ապա ԱԺ-ն ունի նամակների բաժին, միուցե ես պատասխանեմ, որևիցե այլ կերպ սա մեկնաբանելու կարիք չունեմ»,- նշել է նա։
ԱԺ նախագահն ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախի ժողովրդից, քանի որ ԼՂ ժողովրդին ընդհանրական որևիցե բան չի ասել։
«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք վերադառնում էին ոչ թե Ղարաբաղ, այլ Հյուսիսային պողոտայի իրենց տները»,- նշել է Սիմոնյանը։
Փետրվարի 11-ին Սիմոնյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ կարող է վերադառնալ Արցախ, ասել էր, որ հարկավոր էր մնալ ու կռվել Արցախի համար մինչև վերջ, պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր։ Փետրվարի 12-ին Շահրամանյանը հայտարարել էր, որ արցախցիներն ամեն ինչ արել են իրենց հայրենիքում մնալու համար։