Հայաստանի և Թուրքիայի միջև ահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա հավելել է, որ զարգացում լինելու պարագայում կտեղեկացնեն։
Այսօր ավելի վաղ News.am-ը, հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին, գրել էր, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ին կբացվի: Ըստ հրապարակման՝ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել էին այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը 2024 թվականի հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։ Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Անկարան կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ Հայաստանն ավարտել է Մարգարայի անցակետի շահագործման բոլոր աշխատանքները։