ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սիրիայից ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու պլաններ է մշակում, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ կանգնած պաշտոնյաները վերջերս ցանկություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերել, ինչը Պենտագոնի պաշտոնյաներին ստիպել է 30, 60 կամ 90 օրվա ընթացքում լիարժեք դուրսբերման պլաններ մշակել:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ «այդ մասին որոշում կկայացնեն»։ Նա նաև նշել էր, որ Սիրիայում բավականաչափ խառնաշփոթ է և պետք չէ, որ ԱՄՆ-ն «բոլորի մեջ ներգրավված լինի»։
Ըստ Reuters-ի՝ Սիրիայի զինված ուժերը (ՍԴՖ) հայտարարել են, որ ԱՄՆ-ից զորքերի դուրսբերման որևէ ծրագիր չեն ստացել։
2019-ի վերջին Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին հրամայել էր դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից։ Մեթիսը չեղարկել էր ծրագիրը և, ի վերջո, հրաժարական տվել՝ ի նշան բողոքի: Թրամփը դուրս էր բերել ամերիկյան զորքերի մեծ մասը, բայց հետագայում հետ էր վերադարձրել։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում շարունակվում է։
2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում մոտ 2000 զինվոր է տեղակայվել, ինչը կրկնակի գերազանցում է զինվորականների կողմից տարիներ շարունակ հայտարարված թիվը՝ մոտ 900:
ԱՄՆ-ի զորքերը ներկա են Սիրիայի այն շրջաններում, որոնք վերահսկվում են ՍԴՖ-ի կողմից։ ՍԴՖ-ի հրամանատարը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Թուրքիան և նրա սիրիական խմբավորումները պատրաստվում են հարձակվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի վրա։





































