Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կոչնչացնի» իր երկիրը՝ «սիրախաղ անելով» Եվրամիության հետ:
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ։ Ամենավտանգավոր խաղը: Նա կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան այնտեղ»,- հայտարարել Է Լուկաշենկոն։
Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանն «ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, թեև այդ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ այն տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա»։
Լուկաշենկոն մեկնաբանել է նաև Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Երևանի մեղադրանքները:
Նա մանրամասներ է պատմել Ադրբեջանի նախագահի հետ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ զրույցի մասին, որը տեղի էր ունեցել Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ալիևը Երևանին առաջարկել էր Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի 7 շրջան՝ հայտարարելով Հայաստանի տարածքով խողովակաշարեր անցկացնելու և «5 մլրդ դոլար ներդնելու պատրաստակամության մասին»։
Բելառուսի նախագահը պատմել է, որ հրապարակավ հայտարարել Է Բաքվի առաջարկի մասին:
«Թե ինչի է Սերժը նեղացել ինձանից, մեր գործը չէ»,- ասել է Լուկաշենկոն։
Հայաստանի վարչապետը հունիսի 13-ին Բելառուսի նախագահից պահանջել էր ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին սատարելու խոսքերի համար:
Փաշինյանը հայտարարել էր, որ «երբեք չի մեկնի Բելառուս», քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել էին Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը նույնպես հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։