Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին:
Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես, Եվրոպական միության»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ հեղինակների՝ նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:
Գերատեսչությունից հավելում են, որ խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:
«Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի կարգավորումը և հանձնարարել ևս մեկ քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերել օրենքի նախագիծն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ևս օրենքը շարունակական կերպով կլավարկվի»,- նշվում է հաղորդագրությունում: