ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, որի անվանումն է «Համահայկական միասնական խորհուրդ»:
Շարժումը հիմնված է Ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնության վրա և ուղղված է «պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելուն»։
Շարժումն իր ուժերն ուղղելու է դեպի «ազգային անվտանգության ապահովման և հայոց պետականության պահպանման շուրջ»։
Կարապետյանը հայտարարել է, որ պետական շահն առաջ տանելու համար Հայաստանին հարկավոր է ամրապնդել իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։
«Գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
2023 թվականի հոկտեմբերի 4-ին Կարապետյանն արդեն հայտարարել էր իր քաղաքական գործունեության մեկնարկի և քաղաքական շարժման ստեղծման մասին։ Նա 2021 թվականի օգոստոսից նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նախկինում նա եղել է նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, վարչապետի խորհրդական, ինչպես նաև գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։