Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվել են պետությանը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Դեկտեմբերի 27-ին ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ»,- տեղեկացնում է գերատեսչությունը:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը։
«Պահանջվել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 213 միլիոն 531 հազար 120 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,400 քմ մակերեսով հողամասերի վերաբերյալ 2007թ․ կայացված՝ լոտ 22 և լոտ 24 աճուրդներն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- մանրամասնում է դատախազությունը: