Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում, հայտնել է Reuters-ը։
Իսրայելի ՊՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 8-ի գիշերն սկսված սիրիական բանակին վնասելու գործողությանը մասնակցել է իսրայելական ռազմաօդային ուժերի 350 կործանիչ։ Գործողության ընթացքում ամբողջ Սիրիայում հարվածներ են հասցվել 320 թիրախների։
Նշվում է, որ խոցվել են «տասնյակ կործանիչներ և մարտական ուղղաթիռներ, ռադարներ, «երկիր-օդ», «երկիր-երկիր», «ծով-ծով» հրթիռների մարտկոցներ, Scud հրթիռներ, բալիստիկ հրթիռներ, ռազմական նավեր, զենքի պահեստներ, պաշտպանական ձեռնարկություններ, անօդաչու սարքեր»։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են գործողության առաջին փուլի ավարտի մասին։
Կացի խոսքով՝ այդ գոտում Իսրայելի մշտական ներկայություն չի լինի, և դա «կկանխի Սիրիայում ահաբեկչության ստեղծումն ու կազմակերպումը»։ Կացը նաև հայտնել է, որ հարվածների ժամանակ իսրայելական նավերը դեկտեմբերի 9-ին իրականացված գործողության ընթացքում խոցել են սիրիական նավատորմը։
Ինչպես հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, իսրայելական զորքերը առաջ են շարժվում Լիբանանի հետ սահման սիրիական կողմից և մոտեցել են Դամասկոսից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Իսրայելը հերքում է լուրերը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալման ֆոնին զորքեր էին ուղարկել Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտի։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ իսրայելական բանակը դուրս է եկել բուֆերային գոտուց։