Արաբական աշխարհը պատրաստվում է այսօր և հաջորդող օրերին ի պաշտպանություն Եմենի` ամերիկա-բրիտանական ագրեսիային դիմակայող ժողովրդի, ցույցեր անցկացնել, ՏԱՍՍ-ին հայտնել է ակցիայի համակարգող, հաղորդակցության և համերաշխության Արաբական կենտրոնի նախագահ Մաան Բաշուրը։
Բացի այդ, նախատեսում են Եվրոպայի երկրներում երթեր կազմակերպել, տեղեկացրել է Բաշուրը։
«Եմենի տարածքում սկսված ռմբակոծությունները կարող են ամողջ տարածաշրջանի մակարդակով հակամարտության հանգեցնել և լրջորեն սրել իրավիճակը միջազգային ասպարեզում։ Ուստի մեր պարտքն է բացահայտել իմպերիալիստական տերությունների հանցավոր ծրագրերը»,- ասել է Բաշուրը։
Լիբանանցի քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ Իսրայելը «կարող է օգտվել Եմենի դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայից՝ Լիբանանում և Սիրիայում իրանամետ կազմավորումների դեմ լայնածավալ գործողություններ իրականացնելու համար»։
Հունվարի 12-ից ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինուժը հարվածներ էր հասցնում Եմենում հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել ինքնաթիռներից, նավերից և USS Florida միջուկային սուզանավից, որոնք Կարմիր ծովի ջրեր էին մտել 2023 թվականի նոյեմբերի 23-ին։
Նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմականացված «Անսար Ալլա» շարժումը, ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, սպառնացել էր Կարմիր ծովում հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը: