Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը քննարկվելու է Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը, բայց կշարունակի շփումները Երևանի հետ։
«Այժմ, իրոք, նրանք [ռուս խաղաղապահները] դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է նրանց մնալու հետագա ռեժիմին և դրա հետ կապված բոլոր ուղեկցող միջոցառումներին, ապա, ըստ Պեսկովի, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։
Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի շփումներն իր հայ ընկերների հետ։ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկվել ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայման հնարավորության հարցը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները
Հունիսի 12-ից 19-ը Ադրբեջանը և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ կանցկացնեն «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով...