Հայաստանը ակնկալում է Ռուսաստանի հետ փոխգործակցություն Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Միրզոյանը նշել է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դերը 2020 թվականին հրադադարի ռեժիմի հաստատման գործում։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը խոսում է Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքների նոր մեխանիզմների անհրաժեշտության մասին՝ արդեն միջազգային մասնակցությամբ։
Միրզոյանը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքների մասին, ով հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող հանգիստ ապրել իր տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները»:
Հայաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ Երևանի դիրքորոշումը մնում է նույնը՝ «լուծումների կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»: «Հայաստանը նույնպես հավատարիմ է մնում առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին», – ընդգծել է նա:
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 18-ին ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության հայտարարել է, որ Բաքուն նախապատրաստվում է Ղարաբաղի հայերի ցեղասպանությանն ու Հայաստանի դեմ նոր ագրեսիային։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Բաքուն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնարին դարձնելու համար։