Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն ու հասցեական արձագանքը:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պանելային քննարկմանը: