Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- նշել են նախարարությունում:
Այսօր ավելի վաղ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: