Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն ու հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտնվել են United World Wrestling-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ըմբիշների ցուցակում: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
Հարությունյանը 61 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ առաջ անցնելով թուրք մարզիկ Սուլեյման Աթլիից և ստացել 3000 դոլար մրցանակային գումար:
Հայ ըմբիշը տեղ է ստացել վարկանիշային աղյուսակում՝ նվաճելով Եվրոպայի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալները, ասվում է հոդվածում:
Այս մրցաշրջանում նա հաղթել է 12 մենամարտերից 11-ում՝ պարտվելով միայն մեկ մենամարտում: Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հարությունյանը պարտվել է աշխարհի ապագա չեմպիոն Ռեյ Հիգուչիին։
Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը և ստացել է նաև 3000 դոլար մրցանակային գումար: Ըմբիշը առաջ է անցել ադրբեջանցի մարզիկ Արիֆ Նիֆթուլաևից, ով զբաղեցրել է 3-րդ տեղը:
Ալեքսանյանն այս տարի աշխարհի առաջնությունից բացի ոչ մի մրցույթի չի մասնակցել, որտեղ վաստակել է 45 000 միավոր: Նա մրցաշարի ոսկին նվաճել է հինգ տարի անց, նշում է UWW-ն։
Վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաև բուլղարահայ հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը: Նա 60 կգ քաշային կարգի ըմբիշների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը և ստացել է 3000 դոլար մրցանակային գումար։
Ավելի վաղ Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը Բիշքեկում նվաճել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: