Հոկտեմբերի 2֊ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: