Վարչապետի չի ասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնեք, այլ ասում է՝ մեզ դա ասում են մեր գործընկերները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի երեկվա ելույթին։
Նշենք, որ երեկ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։ Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։