Ամերիկահայ երաժիշտ և պրոդյուսեր Ռոս Բաղդասարյան-ավագի ստեղծած «Էլվինը և բուրունդուկները» (Alvin and the Chipmunks) ֆրանշիզը կվերաթողարկվի։ Նոր լիամետրաժ ֆիլմը էկրաններ կբարձրանա 2028 թվականի վերջին՝ ֆրանշիզի 70-ամյակի առթիվ, հայտնում է Zartonk Media-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Վերաթողարկմամբ կզբաղվի Big Shot Pictures ընտանեկան կինոստուդիան, որը հիմնադրվել է Paramount Pictures-ի և Nickelodeon-ի նախկին ղեկավար Բրայան Ռոբինսի կողմից։ Ընկերությունը ձեռք է բերել ֆրանշիզի իրավունքների 25%-անոց բաժնեմասը Bagdasarian Productions-ի հետ համատեղ ձեռնարկության շրջանակում։ Վերահսկիչ փաթեթը (75%) կմնա Ռոս Բաղդասարյան-կրտսերին և նրա կնոջը՝ Ջենիս Կարմանին, որոնք ղեկավարում են ֆրանշիզը 1970-ական թվականների վերջից։
Մինչ ֆիլմի էկրան բարձրանալը հեղինակները նախատեսում են YouTube-ի և TikTok-ի համար կարճ տեսանյութեր թողարկել, որտեղ Էլվինը, Սայմոնը և Թեոդորը ներկայացված կլինեն որպես սոցիալական ցանցերի կերպարներ, որոնք արձագանքում են ընթացիկ իրադարձություններին և կատարում հայտնի երգեր։
«Էլվինը և բուրունդուկները» ֆիլմի հեղինակ Ռոս Բաղդասարյան-ավագը (Ռոստոմ Սիփան Բաղդասարյան) ծնվել է 1919 թվականին Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)՝ Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի ընտանիքում։ 1958 թվականին ձայնագրության վերարտադրման արագության հետ փորձարկումներ անելիս նա հորինել է երեք երգող բուրունդուկների կերպարները։ Կերպարներն արագորեն հանրաճանաչություն են ձեռք բերել, իսկ ավելի ուշ ստացել սեփական մուլտսերիալներն ու լիամետրաժ ֆիլմերը։
Fox-ի գեղարվեստական ֆիլմերի շարքը, որը թողարկվել է 2007-2015 թվականներին, համաշխարհային վարձույթում հավաքել է մոտ 1,4 միլիարդ դոլար։


































