Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։
Նախնական գնահատմամբ՝ որմնանկարը թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսով կամ VI դարի սկզբով։
Հայ-ֆրանսիական պեղումները ղեկավարում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հնագետ Կարեն Ազատյանը և Ֆրանսիայի մշակույթի նախարարության Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամը։ Արշավախումբը ձևավորվել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության համագործակցությամբ։
Էրեբունին հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ն մոտ մ.թ.ա. 782 թվականին։ Արգիշտիխինիլիի՝ ներկայիս Արմավիրի և Թեյշեբայի՝ Կարմիր բլուրի հետ այն Արաքսի դաշտավայրում Ուրարտուի արքաների հիմնադրած երեք գլխավոր ամրոցներից մեկն է։ Դրանց կառուցումը կապված էր Ուրարտուի տարածքը դեպի հյուսիս ընդարձակելու, Արարատյան դաշտը վերահսկելու և տեղի տնտեսական ռեսուրսները կենտրոնացնելու քաղաքականության հետ։
Էրեբունիի նոր շրջանի ուսումնասիրությունն սկսվել էր 1879 թվականին, երբ Չոլմաքչի գյուղի բնակիչ Պ. Տեր-Ավետիսովն Արին բերդի ստորոտում գտել էր սեպագիր արձանագրությամբ բազալտե քար։ 1894 թվականին Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ Ալեքսեյ Իվանովսկին գնել էր արձանագիր քարը և հետախուզական ուսումնասիրություն կատարել Արին բերդում՝ փաստագրելով տեսանելի կառույցները։ 1896 թվականին արձանագրությունը հրատարակել էր ուրարտական սեպագրերի հետազոտող Միխայիլ Նիկոլսկին։ Տեքստում հիշատակվում էր Արգիշտի Մենուայորդու կառուցած և Էրեբունի անվանված ամրոցը։
Էրեբունիի լայնածավալ պեղումներն սկսվել էին 1950-ականների սկզբին։ Աշխատանքների ընդհանուր ղեկավարը ճարտարապետ և հնագետ Կոստանդին Հովհաննիսյանն էր, իսկ գիտական խորհրդատուն՝ ուրարտագետ Բորիս Պիոտրովսկին։ Պեղումներն իրականացնում էին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի կառույցները, Հուշարձանների պահպանության ծառայությունը և այլ հաստատություններ։ 1952 թվականից աշխատանքներին միացել էր Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի արշավախումբը՝ սկզբում Իրինա Լոսևայի, ապա Սվետլանա Խոջաշի ղեկավարությամբ։ Խորհրդային շրջանի պեղումները տարբեր արշավախմբերով շարունակվել էին մինչև 1975 թվականը։
Կոստանդին Հովհաննիսյանը 1961 թվականին հրատարակել էր «Արին-Բերդ I. Էրեբունիի ճարտարապետությունը 1950-1959 թվականների պեղումների նյութերով» աշխատությունը, որտեղ ներկայացրել էր միջնաբերդի ճարտարապետական կառուցվածքը, Արգիշտի Ա-ի պալատը, Խալդիի տաճարը և հարակից համալիրները։ 1973 թվականին նա հրատարակել էր Էրեբունիի որմնանկարները» աշխատությունը՝ Բորիս Պիոտրովսկու խմբագրությամբ։ Գրքում ամփոփվել էին պալատում, տաճարում և սյունասրահներում հայտնաբերված ուրարտական որմնանկարների նյութերը։
1950-1960-ականների պեղումներից հետո ամրոցում իրականացվել էր վերականգնման մեծ ծրագիր։ Այն կապված էր 1968 թվականին Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության և նույն թվականին «Էրեբունի» թանգարանի բացման հետ։ Այդ աշխատանքների ժամանակ բացված կառույցների մեծ մասը համարվել է ուրարտական, սակայն երեսուն սյուն ունեցող մեծ դահլիճի թվագրման հարցը վիճելի է մնացել․ մի շարք հետազոտողներ այն կապել են ուրարտական, մյուսները՝ աքեմենյան ժամանակաշրջանի հետ։
Ստեֆան Դեշամն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 1993 թվականին՝ Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով։ 1998 թվականից նա սկսել էր հայ-ֆրանսիական առաջին երկարաժամկետ ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել էր Շիրակի մարզի Բենիամինի աքեմենյան շրջանի պալատական համալիրը։ 2008 թվականին ֆրանսիական առաքելության հետազոտությունները տեղափոխվել էին Էրեբունի, որտեղ Դեշամը մինչ օրս ղեկավարում է ֆրանսիական կողմի աշխատանքները։
2008 թվականին սկսված նոր ծրագրի հիմնական տարածքն Էրեբունիի մոնումենտալ կենտրոնի հարավարևմտյան հատվածն է՝ Խալդի աստծո տաճարը, տաճարի արևելյան և հարավային անցուղիները և երեսուն սյունանոց մեծ դահլիճի շրջակայքը։ Ծրագրի նպատակն էր վերականգնել կառույցների հերթականությունը և հասկանալ, թե ինչպե՞ս է ամրոցը փոխվել մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսից մինչև VI դարի կեսը՝ Ուրարտուի անկումից հետո և Աքեմենյան տերության ձևավորմանը նախորդող շրջանում։
2019 թվականին ամփոփվել էին Բենիամինում և Էրեբունիում 1999-2019 թվականներին իրականացված հայ-ֆրանսիական հետազոտությունները։ Էրեբունիի նոր փուլայնացման համաձայն՝ մ.թ.ա. VII դարում ամրոցի որոշ հատվածներ վնասվել էին, այնուհետև վերանորոգվել և վերակառուցվել։ Մ.թ.ա. VII դարի կեսին կամ երրորդ քառորդում կառուցվել էին փոքր կիսագետնափոր շինություններ, իսկ VII դարի վերջից VI դարի սկզբին իրականացվել էր նոր մոնումենտալ կառուցապատման ծրագիր։
2022 թվականին հրապարակված միջառարկայական հետազոտության հեղինակներ Դեշամը, Ֆրանսուա Ֆիշե դը Կլերֆոնտենը, Բրունո Էլլին, Ալեն Ռիդոն, Միքայել Բադալյանը և Արա Ավագյանն Էրեբունիում առանձնացրել էին հնարավոր երեք ուժեղ երկրաշարժի հետքեր։ Նրանց եզրակացությամբ՝ վնասված կառույցները համեմատաբար արագ վերանորոգվել էին, իսկ երկարատև լքվածության մասին վկայող միջանկյալ շերտեր չէին հայտնաբերվել։
2025 թվականին Լուվրում ներկայացնելով վերջին ուսումնասիրությունների արդյունքները՝ Դեշամը նշել էր, որ Էրեբունիի նոր պեղումները կասկածի տակ են դնում նախկինում ընդունված մի շարք թվագրումներ և առաջին անգամ հնագիտական նյութով փաստագրում մ.թ.ա. VII դարի կեսից VI դարի կեսն ընկած անցումային շրջանը։ Նա նաև համակարգում է նոր պեղումների արդյունքներին նվիրված Էրեբունիի առաջին ընդհանրացնող մենագրության պատրաստումը։






































